27/05/2024 16:00
Վարույթ է նախաձեռնվել ոչ թե Բագրատ Սրբազանին գաղտնալսելու, այլ սարք տեղադրողին հոգեկան ներգործություն պատճառելու համար
Մայիսի 25-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել էր, որ միջադեպ է եղել «Ani Grand Hotel Yerevan» հյուրանոցի այն համարում, որտեղ հաստատվել է Բագրատ Սրբազանը։
Սրբազանն ու նրա կողմնակիցները լսել են, թե ինչպես է ներքևի հարկից ոմն մեկը ծակում սենյակի հատակը, որպեսզի այդ անցքից լսողական սարք տեղադրի Սրբազանի սենյակում։
«Բագրատ Սրբազանի կողմնակիցները շտապ տեղեկացրել են այդ մասին հյուրանոցի ղեկավարությանը և իջել ներքևի հարկ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում։ Ներքևի համարում գտնվող, ըստ ամենայնի, ԱԱԾ աշխատակիցը, երկար ժամանակ չէր բացում դուռը։ Սրբազանի կողմնակիցները հսկողություն են սահմանել այդ սենյակի մոտ, որպեսզի հասկանան, թե ով է փորձում լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։ Քիչ անց նույն վայր են եկել ոստիկանության և ԱԱԾ բազում աշխատակիցներ, որոնց մեջ էր նաև Կենտրոնի Ոստիկանության պետի պաշտոնակատարը։ Նրանք նշված սենյակից դուրս են բերել տեսանյութում պատկերված կնոջը և արագ հեռացել հյուրանոցից»,- հայտնել էր շարժումը։
Համացանցում լուսանկար էր տարածվել, թե ով է սարք տեղադրողը։ Պարզվել էր, որ նա Էլեն (Հեղինե) Աղասյանն է։
ՀՀ գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հայտնեցին, որ քաղաքացին դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ (հոգեկան ներգործությունը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը»,- հայտնեցին դատախազությունից։