28/05/2024 19:51
Թեհրանում փողոցներ են անվանակոչվել՝ ի պատիվ Էբրահիմ Ռայիսիի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի
Թեհրանում մեկ փողոց և ավտոմայրուղու մի հատված վերանվանվել է ի պատիվ ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, մեկ փողոց էլ անվանակոչվել է արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի անունով ։ Այդ մասին հայտնել է Թեհրանի քաղաքային խորհուրդը։
«Նահատակ Այաթոլլահ Ռայիսիի անունով է կոչվել Թեհրանի 15-րդ թաղամասից ձգվող Բեսաթի մայրուղին՝ Բասիջի հրապարակի խաչմերուկից մինչև Բահման հրապարակ, ինչպես նաև Պաստերի փողոցի արևելյան հատվածը, որտեղ գտնվում է Իրանի նախագահի աշխատակազմի գրասենյակը»,- ասված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է նաև, որ Թեհրանի Քուշքի փողոցն այսուհետև կրում է արտաքին գործերի նախարար, նահատակ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի անունը։ Այստեղ է գտնվում երկրի ԱԳ նախարարության շենքը։
Մայիսի 25-ին էլ Սպահանում գործող Իրանի միջուկային ուրանի մշակման կենտրոնի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ կենտրոնը կրելու է զոհված նախագահ Ռայիսիի անունը։
Իրանի մի շարք այլ քաղաքներ էլ հայտնել են Իրանի զոհված նախագահի անունով փողոցներ անվանակոչելու մասին։ Այդ քաղաքների թվում է նաև Էբրահիմ Ռայիսիի ծննդավայր Մաշհադը։