28/05/2024 13:37
Իրանի խորհրդարանը նոր խոսնակ ունի
Իրանի 12-րդ գումարման Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ է ընտրվել Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը. հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Երեքշաբթի խորհրդարանի բաց նիստին ներկա 287 օրենսդիրներից 198-ը քվեարկել է Ղալիբաֆի, 60-ը՝ Մոջթաբա Զոննուրի, իսկ 5-ը՝ նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի օգտին։
Ղալիբաֆը Մեջլիսի 11-րդ գումարման խոսնակն էր։ 2020 թվականի փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում քաղաքական գործիչը հավաքել է 1,2 միլիոն ձայն։ 2005-2017թթ.Ղալիբաֆը զբաղեցրել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնը: 2005 թվականին դարձել է Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկը։
Իրանի 12-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքը սկսել է մայիսի 27-ին: Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 1-ին, մասնակցությունը կազմել է 41%: