28/05/2024 10:42
Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն ու միասնական հայկական աշխարհ ունենալու մեր երազանքն իրականություն է դառնալու. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով։
«Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
Մեր պետությունն այսօր դժվար ժամանակներ է ապրում: Հայրենիքի սահմաններն անխախտ պահելը, մեր հասարակության մեջ հաշտության ու համերաշխության մթնոլորտի ձևավորումը դարձել է յուրաքանչյուր արժանապատիվ հայի առաքելությունը: Առաջին Հանրապետության ձևավորումը դրել է մեր այսօրվա պետության հիմքերը, և մեր անցյալի ժառանգության զգացումը, հայկական պետության ժառանգականությունը մեզ համար կարևորագույն խարիսխ են այսօրվա անկայուն և փոփոխական աշխարհում։
Պատմական հիշողությունը մեր միասնական հարստությունն է, որը պետք է սրբորեն պահենք ու փոխանցենք սերունդներին։ Մենք պետք է հիշենք մեր հայրենիքի ամեն մի սանտիմետր հողի համար մեր հերոսների թափած արյունն ու ձգտենք մեր երեխաներին խաղաղ, զարգացող պետություն ժառանգել: Այս գործընթացում ամենակարևորը մեր կամքն է, մեր հավատն ու միասնությունը, ազգային հաշտության կայացումն ու ատելության մթնոլորտի վերացումը: Հակառակ պարագայում մենք կարող ենք չափից դուրս թանկ գին վճարել: Մենք արդեն իսկ վճարել ենք։
Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն ու միասնական հայկական աշխարհ ունենալու մեր երազանքն իրականություն է դառնալու:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…», - նշված է ուղերձում։