28/05/2024 13:21
ՌԴ-ում հայտարարել են, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով
Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով ՌԴ պաշտոնյայի խոսքերը։
Ջաբարովը նաև հավելել է, որ Մոսկվան աշխատելու է Հայաստանում գործող ցանկացած իշխանության հետ։
«Գլխավորն այն է, որ այնտեղ (խմբ․ Հայաստանում) ոչ մի մարդկային զոհ չլինի»,- ասել է նա։
Ըստ Ջաբարովի՝ Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է իրավիճակին, քանի որ Հայաստանը հանդիսանում է ՌԴ-ի գործընկերը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), թեև վերջին շրջանում Երևանում ավելի ու ավելի են խոսում կառույցից դուրս գալու մասին։
«Բացի այդ, այն Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և՛ ընտրություններից հետո, և՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Նա բավականին ամուր դիրքեր ունի»,- ասել է պաշտոնյան։
Վլադիմիր Ջաբարովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հայտարարում է, որ Հայաստանի բնական դաշնակիցն է և հույս ունի, որ այդպես էլ կմնա ապագայում։
«Մեզ իրարից բաժանելու ցանկացած փորձ ամենասարսափելի հետևանքները կունենա հենց Հայաստանի համար, քանի որ հայերն ավելի հավատարիմ դաշնակից չունեն, քան Ռուսաստանն է»,- եզրափակել է Ջաբարովը։