28/05/2024 21:25
Քարկոփում ապրել հիմա հնարավոր չէ, ամեն ինչ տիղմով ծածկված է, գազ, ջուր, լույս չկա․ Վարչական ղեկավար
Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած հեղեղումներից ամենաշատ տուժած գյուղերից մեկը Քարկոփն է, որտեղ անվնաս որևէ տուն չի մնացել։
168.am-ի հետ զրույցում Քարկոփի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանն ասել է՝ գյուղն ամբողջությամբ աղետի մեջ է, բնակիչները տարհանված են, տեղափոխվել են Ճոճկան, Մեծ Այրում գյուղեր՝ կրկին Քարկոփ վերադառնալու հույսով։
«Գյուղ այս պահին վերադառնալ հնարավոր չէ։ Գյուղը մեքենայի ճանապարհ առհասարակ չունի՝ փլվել է, մնացել է ոտքի ճանապարհը։ Բնակիչների մի մասն ուղղակի վերադարձել է, որ տների վիճակը տեսնի։ Գյուղում ապրել այս պահին հնարավոր չէ, որովհետև ջուրը լցվել է տների մեջ, հիմա էլ ջուրը հետ է գնացել, տներն ամբողջովին լցված են տիղմով։ Մարդիկ փորձում են դեռ տիղմը մաքրել»,-նշել է Հերմինե Պետրոսյանը։
Քարկոփի ղեկավարի փոխանցմամբ՝ ամբողջովին ջրի մեջ հայտնված գյուղում հիմա փորձում են գույքագրել վնասները։
«Գյուղը շատ փոքր է, բայց կրած վնասները մեծ են։ Չկա այնպիսի տուն, որի առաջին հարկը, նկուղները ջրով լցված չլինի։ Չկա ջրահեռացման համակարգ, ամեն ինչ տիղմով ծածկված է։ Գյուղում գազ, ջուր, լույս չկա։ Կրկնում եմ՝ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում էլ, եթե բնակիչները գյուղ վերադառնան՝ տարրական պայմաններ չկան բնակվելու համար։ Զրոյից ամեն ինչ նորից պիտի սկսենք։
Շատ սարսափելի վիճակ է, կամուրջը փլուզված է, մարդիկ հազիվ ոտքով ճանապարհ կտրելով՝ կարողանում են հասնել այստեղ»,-եզրափակել է նա։