28/05/2024 22:16
Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությունը ՀՀ իշխանություններին կոչ է արել հարգել Հայաստանի քաղաքացիների ազատ խոսքի և անհամաձայնության արտահայտման սահմանադրական իրավունքը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ ՀՀ իշխանություններին կոչ են արել զերծ մնաալ ապօրինի գործողություններից։ Եվրոպացի պատգամավորները սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեթոդների և շտապողականության վերաբերյալ նույնպես մտահոգություն էին հայտնել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ հայտարարություն է տարածել նաև Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությունը (Internation Union of Socialist Youth - IUSY), որի անդամ է ՀՅԴ Երիտասարդական կազմակերպությունը:
Ինչպես նշում է պատգամավորը, հայտարարության մեջ միջազգային կազմակերպությունը իր խորը մտահոգությունն է արտահայտել՝ կապված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ` նշելով, որ «Ադրբեջանը ուժի սպառնալիքի պայմաններում է իրականացնում այդ գործընթացը, որի հետևանքով խաթարվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը»:
IUSY-ն, դատապարտելով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը և բռնաճնշուները Հայաստանի կառավարության կողմից, կոչ է արել «հարգել Հայաստանի քաղաքացիների ազատ խոսքի և անհամաձայնության արտահայտման սահմանադրական իրավունքը»