28/05/2024 10:03
«Ժողովուրդ». Զարմանալի է, որ Արմեն Ղուլարյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը 2023 թվականին հրապարակել էր հոդված՝ «4,5 մլն դրամ, 21 հազար դոլար կանխիկ գումար, ևս 4,5 մլն դրամ՝ բանկային հաշիվներին. միայն «աշխատավարձով ապրող» Արմեն Ղուլարյանի ունեցվածքն ու հարուստ կարիերան» վերնագրով։
Մասնավորապես գրել էինք. «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի հունվարի 27-ին։ Ղուլարյանը մինչ քաղաքաշինության կոմիտեի նախագահ դառնալը հարուստ եւ յուղալի պաշտոններով է անցել։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականից՝ որպես Իջեւանի շրջանային խորհրդի գործկոմ։ Ծնունդով Իջեւան քաղաքից, մասնագիտությամբ ճարտարապետ Ղուլարյանը եղել է նաեւ Իջեւանի գլխավոր ճարտարապետը, ապա նույն քաղաքի քաղաքապետը, հետո՝ Տավուշի մարզպետը։ 2014 թվականից եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։ 2018 թվականից եղել է նախարարի առաջին տեղակալ, ապա կոմիտեի նախագահ։
Նման հարուստ կարիերա ունեցող Ղուլարյանը 2022 թվականի՝ եկամուտների, գույքերի, շահերի եւ ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ անհատական բնակելի տուն, որը 2013 թվականին ժառանգություն է ստացել։
Բազմաբնակարան շենքի մեկ բնակարան էլ, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, հայտարարագրել է՝ որպես այլ անձի սեփականության իրավունքով պատկանող, սակայն իր կողմից շահագործվող գույք։ Կոմիտեի նախագահը 2019-ին Երեւանի կենտրոնում 21 մլն 475 հազար դրամով գնել է մեկ կիսակառույց:
Ղուլարյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել. ինչը զարմանալի է։ Ղուլարյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 492 հազար դրամ եւ 19 հազար 930 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 500 հազար դրամ եւ 21 հազար ԱՄՆ դոլար։ Ղուլարյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կուտակվում են միայն աշխատանքի վարձատրությամբ, որն էլ կազմում է 13 մլն 229 հազար դրամ՝ գրեթե 32 հազար ԱՄՆ դոլար։
Ստացվում է, որ եկամուտների կեսից ավելին՝ գրեթե 8 մլն դրամը, Ղուլարյանը խնայում է եւ հայտարարագրում կանխիկ դրամ՝ 21 հազար դոլար. հակառակ դեպքում սա կոռուպցիոն ռիսկ է, քանի որ կանխիկ դրամական միջոցների ստացման աղբյուրը չկա, իսկ եկամուտը միայն աշխատանքի վարձատրությունն է։ Ղուլարյանն իր նախկին հայտարարագրերում որպես եկամտի աղբյուր նշում էր կենսաթոշակը՝ 52 հազար դրամ, իսկ վերջին հայտարարագրում կենսաթոշակի մասին ոչինչ չկա։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է Արմեն Ղուլարյանի և նրա ընտանիքի անդամների՝ 2021 և 2022 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծություն։ Վերլուծության արդյունքները քննարկվել են Հանձնաժողովի նիստում, որոշում է կայացվել արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների վերաբերյալ պարզաբանում հայցել Արմեն Ղուլարյանից և նրա ընտանիքի անդամից։
Հիշեցնենք, որ Արմեն Ղուլարյանը, ով երկար տարիներ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար էր և այդ ոլորտի փորձառու, գիտակ, աշխատանքից ազատվեց Նիկոլ Փաշինյանի՝ մարզային դպրոցներ այցից հետո, երբ կախիչները պոկեց պատից, իսկ Ղուլարյանը կռացավ ու հավաքեց պոկված կախիչները»։