29/05/2024 10:39
Գունավոր շորը հագնում ես, ասում են՝ գետինը չե՞ս մտնում, ո՞նց կարելի է գունավոր շոր հագնել, բա ողբը, ո՞վ է ողբալու, տականք, դավաճան. Նիկոլ Փաշինյան
Անկախության ձեռքբերումից հետո մեր ամենատեսանելի միտումը շարունակում է մնալ արտագաղթի միտումը, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե արտագաղթում են, որովհետև մարդիկ իրենց համար ապրելու հարմար տեղ են փնտրում։
«Ինչո՞ւ է այսպես, որովետև Հայաստանը կառավարվել է ու Հայաստանում իշխանությունը ձևավորվել է էլիտաների կողմից, որոնց գաղափարախոսությունն առանցքայնորեն եղել է կղերաֆեոդալական ու այդ գաղափարաբանությունն, ըստ էության, վերջին դարերի ընթացքում էական զարգացում չի ունեցել»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երբ քաղաքացին կարճ տաբատով նստում ու պատշգամբում սուրճ է խմում, կողքից ասում են՝ «էս ի՞նչ ես անում»։
«Ասում են՝ չի կարելի, վեհ գաղափարներ կան, գետինը մտնես, շորտիկը հագել, նստել բալկոնում կոֆե՞ ես խմում, փոխանակ բալկոնից քեզ քցես, որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրես շատ կոնկրետ խնդրի վրա։ Գունավոր շորը հագնում ես, ասում են՝ գետինը չե՞ս մտնում, ո՞նց կարելի է գունավոր շոր հագնել, բա ողբը, ո՞վ է ողբալու, տականք, դավաճան, ծնունդ են անում, ասում են՝ հոգեհանգիստը թողած՝ ծնունդ ես անո՞ւմ, մեկ-երկու-երեք-չորս, այդ մարդն ասում է՝ սա էլ ձեզ, նա էլ ձեզ, ես կգնամ մի տեղ կապրեմ, որտեղ պատշգամբում սուրճ խմելու համար ոչ մեկ ինձ ամոթանք չի տա»,- ասաց նա։
Վարչապետը նշեց, թե իրենց ամենամեծ ամոթն այն է, որ հեղափոխությունից հետո շարունակել են կղերաֆեոդալական ավանդույթները։