29/05/2024 15:38
Օձունում կինը հող փխրեցնելու բրիչով հարվածներ է հասցրել տղամարդուն, վերջինս մահացել է
Մայիսի 27-ին, ժամը 17.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ ահազանգով մեկնել են Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ գլխի շրջանում արնանման հետքերով:
Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը միջանցքի մուտքի դռան մոտ հայտնաբերել է նույն տան բնակիչ 63-ամյա Լևոն Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով:
Սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 26-ի ժամը 21-ի սահմաններում վերոհիշյալ տանը անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել Լևոն Խ.-ի և նույն գյուղի բնակիչ 27-ամյա կնոջ միջև, որի ընթացքում էլ վերջինս հող փխրեցնելու բրիչով հարվածներ է հասցրել Լևոն Խ.-ի գլխին և սպանել նրան:
Օձունցի 27-ամյա կինը ներկայացվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին:
Հանցագործության գործիք բրիչը վերցվել է:
Օձունցի 27-ամյա կինը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է: