29/05/2024 19:03
Իսպանիայի վարչապետի կնոջը մեղադրում են կոռուպցիայի մեջ, գործը դատարանում է
Մադրիդի նահանգային դատարանը ուժի մեջ է թողել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ հետաքննություն սկսելու որոշումը․ նա կասկածվում է գործարար շրջանակում իր կապերը անձնական նպատակով օգտագործելու և կոռուպցիայի մեջ։
Բողոքը ներկայացրել է «Մաքուր ձեռքեր» կազմակերպությունը՝ մամուլում առկա հրապարակումների հիման վրա։ Այնուամենայնիվ, դատախազությունը խնդրել էր կարճել գործը, սակայն Մադրիդի դատարանը մերժել էր։
Գործի հիմքում Գոմեսի հարաբերություններն են մի քանի մասնավոր ընկերությունների հետ, որոնք կառավարությունից ստացել են միջոցներ և կնքել են պետական պայմանագրեր։
Հետաքննությունը սկսելուց հետո Իսպանիայի վարչապետը չեղարկել էր իր մասնակցությամբ հանրային միջոցառումները՝ այդ ընթացքում որոշում կայացնելու համար՝ մնալո՞ւ է արդյոք իր պաշտոնում։ Նա միևնույն ժամանակ երկրի աջ ու ծայրահեղ աջ քաղաքական ուժերին մեղադրել էր իր կնոջ նկատմամբ «աննախադեպ հարձակումների» մեջ, ինչից հետո հայտարարել էր, որ որոշել է առայժմ հրաժարական չտալ։