29/05/2024 17:35
Խստագույնս դատապարտում ենք ոստիկանական ուժերի ամբարտավան և ապազգային վարքագիծը․ Գուգարաց թեմ
Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի հայտարարությունը․
Մեծ ցավով տեղեկացանք մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության ազգային տոնին, Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած աննախադեպ խայտառակ իրողության մասին, երբ իշխանությունների ապօրինի հրահանգով՝ ոստիկաններն անամոթաբար չէին թույլատրում Ամենայն Հայոց Հայրապետին և եկեղեցականաց դասին մուտք գործել հուշահամալիրի տարածք` աղոթելու մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար։
Մայիս 28-ը Հայոց պատմության փառապանծ էջերից է՝ հաղթանակի, արժանապատվության, հայրենատիրության և ազգապահպան առաքելության մասին, որից անմասն չի մնացել և խաչով ու զենքով իր կարևորագույն մասնակցությունն է ունեցել մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Խստագույնս դատապարտում ենք ոստիկանական ուժերի նման ամբարտավան և ապազգային վարքագիծը Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ և որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբությանը:
Աղոթք ենք վերառաքում առ Աստված, որ Բարձրյալը ողջամտություն ու զգոնություն տա մեր հայոց ազգին: