29/05/2024 10:45
Ուղղակի խնդրանքս է՝ ոստիկաններին չթիրախավորել. Ոստիկանության պաշտոնյան՝ Սրբազանին (Տեսանյութ)
Բագրատ Սրբազանին չհաջողվեց հանդիպել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին։ Նախարարության առջև հավաքվածներին հանդիպելու իջավ նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը և ասաց, որ նախարարն այս պահին հանդիպումների մեջ է և հանդիպում չի կարող լինել, բայց հետագայում կարող են պայմանավորվել։
Նշենք, որ Բագրատ Սրբազանը երթով գնացել էր ՆԳՆ՝ պատասխաններ պահանջելու երեկ Սարդարապատում տեղի ունեցած խայտառակ միջադեպի համար․ ոստիկանները կաթողիկոսին խոչընդոտում էին հուշահամալիր բարձրանալ։
Սրբազանի հետ հանդիպելու էր իջել Ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, ով ասաց, որ մեկ տասնյակից ավելի ծառայողական քննություններ կան, քրեական վարույթներ, որոնք վերաբերում են ոստիկանների կողմից կատարված գործողություններին, որոնք ենթադրում են կարգապահական խախտումներ։
«Ուղղակի խնդրանքս է՝ ոստիկաններին չթիրախավորել, բոլոր այն ոստիկանները, ովքեր կարգապահական խախտումներ են թույլ տալիս, միանշանակ, ես վստահեցնում եմ, կենթարկվեն պատասխանատվության»,-ասաց նա։
Սրբազանն ասաց, որ ոստիկաններին չթիրախավորելու հորդոր պետք չէր, քանի որ մշտապես մոտեցել են, բարի ծառայություն մաղթել։
«30 հոգով մարդ ծեծելն ինչ-որ արաքի մասի՞ն է խոսում։ Գիտենք ձեր ծառայողական քննությունների ընթացքն էլ, կոծկումներն էլ»,-ասաց Սրբազանը։
Պաշտոնյան նշեց, որ կարող են հետևել ընթացքին՝ ներկայացուցիչ ուղարկելով։
«Քննությունը շարունակեք, ու երկու օր հետո տեղեկացրեք, թե ուր հասաք»,-ասաց Սրբազանը։