29/05/2024 11:05
Վարկաբեկում ու զրոյացնում են ինստիտուտը, կառավարությունը կզբաղվի դրանով. Փաշինյանն ակնարկեց եկեղեցուն (Տեսանյութ)
Հայաստանի ժողովրդի ազգային արժեքներն են՝ հայոց պետականություն ու Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բանակը Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե պատերազմի համար, այլ՝ որպես խաղաղության գործիք»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ժողովրդի ազգային արժեքներն են նաև Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը, մասնավորապես, էպոսը, հավատալիքները, լեգենդներն ու առասպելները, հայոց լեզուն ու գրերը, հայ գրականությունը՝ ներառյալ թարգմանական գրականությունը։
«Ազգային արժեքներն են՝ համահայկական ներուժը, հայկական սփյուռքը, հայրենիքը, ընտանիքը, անհատը, Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին, քրիստոնեությունը, ընդ որում, շատ է խոսվում այն մասին, փորձ է արվում մեզ մեղադրել նրանում, որ մենք որոշ արժեքների նկատմամբ չունենք պատշաճ վերաբերմունք։ Ես կարծում եմ, որ սա բացարձակապես չի արտահայտում իրականությունը, որովհետև, եթե որոշ ինստիտուտների ներսում գտնվող մարդիկ իրենց գործողություններով վարկաբեկում ու զրոյացնում են այդ ինստիտուտները, որոնք ունեն ազգային արժեքի նշանակություն, ես չեմ ասի, որ դա կառավարության գործը չէ, դա մեր գործն է ու պետք է զբաղվենք դրանով, բայց դա կառավարության մեղքը չէ»,- ասաց նա՝ ակնարկելով Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։