29/05/2024 10:49
Մարտահրավերների ու սպառնալիքի փուլը հաղթահարել ենք. Նիկոլ Փաշինյան
2023 թվականին հայտարարել եմ՝ եթե մենք մեկ-երկու տարի կարողանանք ապահովել մեր պետության գոյությունը՝ մենք մեր պետության գոյությունը կապահովենք երկարաժամկետ կտրվածքով, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա մենք ինչի՞ ենք հասել, ՀՀ պետական բյուջեի ծախսման արդյունքում մենք հասել ենք հետևյալին՝ մարտահրավերների, սպառնալիքի փուլը հաղթահարել ենք, որովհետև 2020-2023 թվականներին մենք տեսնում էինք մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ ու անմիջական սպառնալիք, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ մենք կարողացել ենք մեր պետությանը սպառնացող ուղիղ վտանգները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ ու միջնաժամկետ իմաստով, բայց պետք է հասկանանք, որ երկարաժամկետ իմաստով շատ կարևոր է, որ այս քաղաքականությունը շարունակենք ու, հիմնվելով իրական Հայաստանի ռազմավարության վրա, կայացնենք որոշումներ, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ՝ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին ու նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու կառավարություն, խորհրդարան ու կառավարող մեծամասնություն պետք է լինենք»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրական Հայաստանի ռազմավարության շրջանակներում, այն պայմաններում, երբ պետությունը բացառապես քաղաքացու լավ ապրելն ապահովելու գործիք է, ոչ միայն պետք է իրական Հայաստանը դառնա պետական գաղափարախոսություն ու ռազմավարություն, այլև աշխատանքը պետք է դառնա պետական գաղափարախոսություն ու ռազմավարություն։
«Լավ ապրելը թանկարժեք երևույթ է»,- ասաց նա։