30/05/2024 11:21
Ներգրավված է 456 փրկարար, տարհանվել է 443 քաղաքացի, Սանահին կայարան թաղամասում 141 անձ գետից այն կողմ է, բայց նրանց ամեն ինչ հասցվում է. Իրավիճակն՝ Ալավերդիում
Դեբետ գետում մայսիսի 25-26-ին ջրի մակարդակը հասել է վայրկյանում մինչև 650 մետր խորանարդի, կառավարության այսօրվա նիստում իրավիճակը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Այսօր, օրինակ, 102 է, այսինքն՝ վեց անգամից ավելի ջուր է եղել, կամ՝ 198 սմ ջուրը նվազել է»,- ասաց նա։
Սանոսյանի խոսքով՝ ներգրավված է 456 փրկարար, որոնք տարհանել են 443 քաղաքացու, հիմա միայն Սանահին կայարան թաղամասում է, որ կա 141 անձ, որոնք գետից այն կողմ են, բայց փրկարար պարաններով նրանց ամեն ինչ հասցվում է։
«Աղետի հետևանքով ունենք չորս զոհ»,- ասաց նախարարը։
Սանոսյանը նշեց, որ կան վնասված հսկայական ենթակառուցվածքներ, երկաթուղու տարբեր հատվածների վնասները հասնում են մոտ 2 կմ-ի՝ Այրումից մինչև Սանահին կայարան հատվածն է։
«Վնասված են նաև շատ սյուներ, ենթակայաններ, բավական երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու վերականգնման համար»,- նշեց նախարարը։