30/05/2024 22:40
Էստոնիայի նախագահը ստորագրել է ռուսական ակտիվների բռնագանձման մասին օրենքը
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հավանություն է տվել օրենքի նախագծին, որով տեղական իշխանություններին իրավունք է տրվում բռնագրավել ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց սառեցված ակտիվները։
Կարիսը պարզաբանել է, թե կբռնագանձվեն այն անձանց ակտիվները, ովքեր, նրա բնորոշմամբ, «ակտիվորեն մասնակցում են ռազմական ագրեսիային կամ ռազմական գործողությունների վարման կանոնների խախտմանը»։
Նշենք, որ Էստոնիայի խորհրդարանը մայիսի 15-ին էր ընդունել ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը օրինականացնելու մասին օրինագիծը՝ որպես դրա նպատակ հռչակելով «Ուկրաինան վերականգնելը»։ ՌԴ ԱԳՆ-ն էստոնացի պատգամավորների որոշումը «գողություն» էր որակել՝ նշելով նաև, որ ռուսական գույքի բռնագրավումը միջազգային իրավունքի խախտում է։
Միևնույն ժամանակ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան ETV հեռուստաալիքի եթերում խոստովանել էր, որ Էստոնիայի իշխանությունները չեն կարողանա օգնել իրենց քաղաքացիներին, եթե Ռուսաստանն իր հերթին ազգայնացնի նրանց ունեցվածքը՝ ի պատասխան ռուսական ակտիվների բռնագրավման։