30/05/2024 11:34
Եթե քաղաքական հարցերից խոսել էլ ենք՝ լավ ենք արել, բայց դրա մասին խոսակցություն չկար, որովհետև ընտանիքում էինք. Սրբազանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին
Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումն ընտանեկան միջավայրում էր. լրագրողների հետ ճեպազրույցում հանդիպման մասին լուրը հաստատեց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ Ծառուկյանը «Ժպիտների քաղաք» հիմնադրամին մշտապես մեծ աջակցություն է ունեցել։ «Երկու կամ երեք օր առաջ էր, որ իր գրասենյակի միջոցով դիմել էինք, թե ինչ է հնարավոր անել Տավուշի և Լոռիի շրջանում մարդկանց կարիքները հոգալու համար։ Ուղղակի երեկոյան գնացինք այցի, որ հասկանանք, թե ինչ ծրագրեր են»,-ասաց Սրբազանը։
Հարցին, թե քաղաքական հարցեր քննարկվե՞լ են՝ Սրբազանը պատասխանեց. «Եթե խոսել էլ ենք՝ լավ ենք արել, բայց դրա մասին խոսակցություն չկար, որովհետև ընտանիքում էր խոսակցությունը՝ զավակներ, մայր, թոռ, հարս, այսինքն՝ մեծ ընտանեկան հանդիպում էր։
Հիմա ամեն օր չենք գնալու ինչ-որ հարցերից խոսելու։ Ուրիշ մարդիկ էլ կան, որ դիմել են, խոսել են, պատրաստակամություն են հայտնել»,-ասաց Սրբազանը։