30/05/2024 12:21
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամ». Նուբար Աֆեյանի ևս մեկ ապագայակենտրոն նախաձեռնություն
«Flagship Pioneering» և «Moderna» ընկերությունների ղեկավար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը սկսել է ևս մեկ ապագայակենտրոն նախաձեռնություն՝ հիմնելով «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը»։ Նորաստեղծ Հիմնադրամը մշակում ու իրականացնում է հոգեկան առողջության նորարարական ծրագրեր, որոնք խարսխված են հոգեբանության, հայ ժողովրդի գոյաբանական պատմության և հոգևոր արժեքների վրա։
Մայիսի 17-ին Երևանում տեղի ունեցավ նորաստեղծ հիմնադրամի մեկնարկային միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին նախընթաց ամիսներին Հիմնադրամի կատարած աշխատանքը և առաջիկա գործունեության ուղղությունները։ Հիմնադրամի տեսլականի հեղինակ Նուբար Աֆեյանի խոսքով՝ ապագայակենտրոն այս նախաձեռնության նպատակն է օգնել բոլոր նրանց, ովքեր պատերազմի կամ դրա հետևանքների բերումով ունեն հոգեբանական տրավմաներ։ Հիմնադրամը պատրաստ է աջակցել նրանց սկսելու հոգեկան ամոքման և վերականգնման սեփական ճանապարհը։
«Այս նախաձեռնության ակունքները սերում են այն բացարձակ շոկից ու տրավմայից, որը մենք բոլորս ապրեցինք 2020 թվականին, հետո նորից 2022-ին, երբ Ադրբեջանն իր գործողություններով մեր հայրենակիցների կյանքը Արցախում ցանկանում էր դարձնել անտանելի։ Նկատի ունեմ պատերազմը, հետո ներխուժումը Հայաստանի տարածք, հետո էլ էթնիկ զտումները, որոնց ականատես եղանք 2023թ. սեպտեմբերին։ Ես կարծում էի, որ մենք այլևս երբեք այդպիսի բաների ականատեսը չենք լինելու՝ 100 տարի առաջ նման տառապանքներ ապրելուց ու մեկդարյա վերականգնում անցնելուց հետո….», - ասում է Նուբար Աֆեյանը՝ ներկայացնելով նոր նախաձեռնության հիմնական շարժառիթները։
«Մեր ժողովրդի մի զգալի հատված այսօր կրկին հետընթաց է ապրում՝ հայտնվելով «վերականգնման» կարիքի առջև։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան սկսեն այդ վերականգնման ճանապարհը։ Այս Հիմնադրամը մեր փոքր ներդրումն է այդ ամենի մեխանիզմ առաջարկելու, միս ու արյուն տալու, և մեր բոլորի ընդհանուր մտածողությունը այդ ուղղությամբ տանելու համար»,- միջոցառմանն ասաց Նուբար Աֆեյանը։
Արևմտյան Եվրոպայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայրապեական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ով նաև Հիմնադրամի խորհրդի անդամ է, Հիմնադրամի մեկնարկային միջոցառմանը նշեց, որ հայ ժողովրդի անցյալի փորձառությունը պատգամ է տալիս, որ հավատքով ու հույսով հնարավոր է ամեն ինչ հաղթահարել և դրա բազմաթիվ օրինակներ կան։
«Մատենադարանում պահվող հազարավոր ձեռագրերի հետևում մարդկային ճակատագրեր են։ Դրանք հազարավոր մարդկային պատմություններ են, պատումներ մաքառումի, անձնական խիզախության, դժվար ու մութ ժամանակներում արարելու, ստեղծագործելու ու չհանձնվելու մասին, և այդ պատմություններից մեզ շատերիս հայտնի են միայն քչերը։ Հիմնադրամի ծրագրերում պատմությունը ոչ թե անցյալն է, այլ նաև այսօրվա մեր ակտիվ պատմական մտածողությունը ու յուրահատուկ ուժի աղբյուր՝ դեպի ապագա գնալու, ապագան կառուցելու ու չհանձնվելու համար», - ծրագրային ներկայացմանն ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը։
Մայիսի 17-ին կայացած մեկնարկային միջոցառման ժամանակ, օրվա խորհրդին համահունչ, նաև համագործակցության հուշագիր է ստորագրվել Մատենադարանի հետ։
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» նախընթաց ամիսներին ընդլայնել է ե՛ւ գործընկերների աշխարհագրությունը, ե՛ւ իրականացված նախագծերը ու շահառուների շրջանակը։ Հիմնադրամի www.revival.am կայքում զետեղված հոգեբանական թեստերով իրենց հոգեկան վիճակի նախնական գնահատում է արել մոտ 9500 մարդ: Նրանցից շատերը դիմել ու Հիմնադրամի ծրագրերով վեց համայնքներում ստացել են խմբային հոգեբանական աջակցություն։
Հատուկ ծրագիր է իրականացվել նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Վերապատրաստվել են 18 արցախցի հոգեբաններ, ովքեր նախորդ ամիսներին անվճար հոգեբանական աջակցություն են տրամադրել բռնի տեղահանված մոտ 500 արցախցիների՝ այդ թվում երեխաների։ Հիմնադրամը հոգեբանական աջակցություն է տրամադրել նաև արցախցիների հետ աշխատող առաջնային օղակի մոտ 150 մասնագետի։ Հիմնադրամի թե՛ կրթական, թե՛ հոգևոր-հոգեբանական աջակցության ծրագրերը լինելու են շարունակական ու բազմաշերտ։