30/05/2024 10:14
«Հրապարակ». Ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանին նաև պաշտոն են խոստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ցուցարարների դեմ «հերոսական» պայքարը համակարգող, ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ով օրերս արժանացավ գեներալ-մայորի կոչման, առաջիկայում նոր որակի վայրագություններ է պլանավորում՝ կարմիր և սև բերետավորների կատարմամբ։
Բանն այն է, որ գեներալական ուսադիրներ ստանալու ժամանակ նա քաղաքական ղեկավարության կողմից ոչ միայն շնորհակալությունների է արժանացել՝ իր վայրագությունների համար, այլև նոր խոստում է ստացել, որ այսպես շարունակելու դեպքում իրեն կվստահեն ՆԳՆ-ում առաջիկայում ստեղծվելիք Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը, որի համար համակարգում թեժ մարտեր են ընթանում, թե ում կշնորհվի այդ բաղձալի՝ նախարարին հավասար պաշտոնը։
Բանն այն է, որ գվարդիայի մեջ են միավորվելու կարմիր և սև բերետավորները, հատուկ նշանակության ջոկատները, որոնք բացառապես մեկ նպատակի համար են օգտագործվելու՝ հասարակական կարգի պահպանման: Այլ կերպ ասած՝ ցույցեր ցրելու և Փաշինյանին պաշտպանելու»։