30/05/2024 15:57
Երևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական հայատյացության թեմայով գիտաժողով
Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի գիտաժողովների սրահում մայիսի 30-ին մեկնարկեց «Թուրք-ադրբեջանական հայատյացության շուրջ. միջգիտակարգային մոտեցումներ» խորագրով գիտաժողովը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկօրյա գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Թուրք-ադրբեջանական հայատյացության ակունքները, արդի վիճակը, միտումները (միջգիտակարգային մոտեցումներ)» գիտական թեմայի շրջանակներում:
Բացման խոսքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ թեմայի արծարծումը տարբեր գիտակարգերի կողմից, ըստ էության, առաջին անգամ է տեղի ունենում։
«Թեև մենք մեր ուսումնասիրություններում մշտապես խոսել ենք հակահայկականության և հայատյացության տարբեր դրսևորումների մասին, սակայն շատ չենք բարձրաձայնել և հիմա այս միջոցառման, աշխատաժողովների միջոցով փորձում ենք փոխել իրերի այն իրավիճակը, որն այսօր գոյություն ունի մեր գիտական հանրույթի մեջ»,-ասաց նա։
Ծրագրի ղեկավար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Շուշան Խաչատրյանի կարծիքով՝ անհրաժեշտություն է զգացվում հասկանալ ինչ բառով բնութագրել կամ սահմանել երևույթը դար ի վեր մինչև արդի ժամանակաշրջանը շարունակվող բռնությունների շարքի, որոնք որոշակիորեն կապված են իրար հետ։
«Միգուցե, կարիք չկա։ Միգուցե, այս քննարկումների արդյունքում մենք այլ եզրահանգումների կգանք։ Մեր քննարկումները, կարծում եմ, այդ ամենի պատասխանները կտան։ Կփորձեն տալ, համենայնդեպս, առաջին այս փուլով»,-համոզմունք հայտնեց գաղափարի հեղինակը։
Այնուհետև նա սահիկաշարով գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց թուրք-ադրբեջանական բռնությունների, ցեղասպանության և ցեղասպանական արարքների տարեգրությունն ու պատմական դեպքերը, որոնք ընդգրկում են 19-րդ դարի կեսերին Զեյթունի և շրջակայքի հայերի նկատմամբ իրականացված բռնություններից մինչև 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ հայաթափումն ու հայազրկումը։
Բացմանը հաջորդեցին պանելային քննարկումները։ Գիտաժողովին մասնակցում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ, բուհերի դասախոսներ։