30/05/2024 22:10
Ռուսաստանը համաչափ պատասխան կտա, եթե արևմտյան զենքով հարվածեն իր տարածքին․ Ուկրաինայում կստեղծվի «սանիտարական գոտի»․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը համաչափ պատասխան կտա, եթե արևմտյան զենքի օգտագործման սահմանափակումները վերացվեն և դրանցով հարված հասցվի ռուսական տարածքին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանի զինված ուժերի պատասխանը քաղաքացիական օբյեկտների վրա արևմտյան զենքով հարվածներին կլինի համաչափ, Ռուսաստանի անվտանգությունը կապահովվի՝ Ուկրաինայում սանիտարական գոտու ստեղծմամբ, ինչպես այդ մասին արդեն իսկ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Զախարովան։
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Խարկովի շրջանում ռուսական բանակի գործողությունների նպատակը «սանիտարական գոտու» ստեղծումն է՝ ի պատասխան ուկրաինական կողմից ՌԴ տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքնրի թիրախավորման։
«Մենք ստիպված կլինենք ստեղծել անվտանգության գոտի, սանիտարական գոտի։ Դա էլ անում ենք»,- ասել էր Պուտինը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքին հարվածելու նպատակով աևմտյան զենք կիրառելու սահմանափակման վերացմանը, ապա առաջինն այդ մասին խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Որոշ երկրների քաղաքական գործիչներ, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հնարավոր են համարել այդ նպատակով արևմտյան զենքի կիրառումը, իսկ ոմանք նույնիսկ վերացրել են սահմանափակումները։ The New York Times-նէլ գրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է դրա հնարավորությունը։
Իտալական զենքը ռուսական տարածքի նկատմամբ կիրառելուն դեմ են արտահայտվել այդ երկրի փոխվարչապետ և ԱԳ նախարար Անտոնիո Տայանին, ենթակառուցվածքների նախարար Մատեո Սալվինին, պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն։