30/05/2024 17:38
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքարանով օրհնել է բարեպաշտ և հավատացյալ ժողովրդին
Մայիսի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է:
Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեծագույն սրբի մասունքարանով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև սրբազան մասունքը Նորին Սրբությունը փոխանցեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։
Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:
Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Արիս աբեղա Տոնոյանը։
Սրբազան արարողության ավարտին Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով օրհնեց հավատացյալ ժողովրդին: