30/05/2024 11:39
Վնասվել է 20 կամուրջ, հարյուրավոր քաղաքացիներ շարունակում են զրկված մնալ ջրից, հոսանքից, գազից. Սանոսյանը մանրամասներ ներկայացրեց ջրհեղեղի վնասներից
Լոռիում ու Տավուշում ջրհեղեղի հետևանքով մոտ 20 կամուրջ է վնասվել, այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ դրանք համայնքային են, տեղական, տարբեր նշանակության, նաև՝ հետիոտնային։
«Սրանց մեջ խոշոր են Սանահին թաղամասի կամուրջը, Ախթալայի կամուրջը, Այրումի կամուրջը, Քարկոփի կամուրջ, Շնողինն ու Խաշթառակինը։ Հատկապես Ախթալայի ու Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով յոթ բնակավայր Ալավերդիի հետ կապ չունի, հիմա այնտեղի մատակարարումներն իրականացվում են լեռնային անտառապատ հատվածի ճանապարհով, որն ընթացքում բարեկարգում ենք»,- ասաց նա։
Սանոսյանի խոսքով՝ լուրջ վնանսեր կան նաև ջրային ենթակառուցվածքներում՝ ջրագծեր, պոմպակայաններ ու այլ ենթակառուցվածքներ, որոնց մի մասը դեռ ջրածածկ է։
«Վնասների հետևանքով մի շարք բնակավայրեր ջրամատակարարումից զրկվել են, որոշ տեղերում ստիպված են եղել նաև մատակարարումը դադարեցնել, որպեզի ջրի որակի հետ կապված խնդիրներ չառաջանան։ Դիլիջանում մասնակի է վերականգնվել, ջրի հետ կապված գլխավոր խնդիրն Ախթալայում է, որտեղ ջրատար մեքենայով ենք ջուր տեղափոխում, կամ 5-6 լիտրանոց տարրաներով»,- ասաց նախարարը։
Շուրջ 17 հազար բաժանորդ հոսանք չի ունեցել, հիմա նրանցից 600-ի մոտ է, որ հոսանք չկա, հիմնականում Ալավեդիում է ու Սանահինում։
19 հազար բաժանորդ գազ չի ունեցել, նրանցից 18 հազար 600-ինը վերականգնվել է։