30/05/2024 13:19
«Նոյեմբերյանի ավագ դպրոց»-ը կվերանվանվի «Նոյեմբերյանի վարժարան»-ի
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի «Նոյեմբերյանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվեց «Նոյեմբերյանի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Հիմնավորման մեջ նշվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բնակվող երեխաների ուսումնական գործընթացն անխափան և հարմարավետ կազմակերպելու անհրաժեշտությունից:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործում է 1 ավագ դպրոց, իսկ ՀՀ Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ՝ 1 հիմնական դպրոց։
«Նոյեմբերյանի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքը կառուցվել է 1981 թվականին։ Նախագծային հզորությունը 1176 սովորող է։ 2013-2018 թվականների ընթացքում դպրոցում իրականացվել են հիմնանորոգման (1 մասնաշենք) և վերանորոգման (8 մասնաշենք) աշխատանքներ։ Դպրոցի մասնաշենքերի քանակը 9 է։ Դպրոցը համարվում է թերբեռնված՝ 112 սովորողով։
«ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի շենքը կառուցվել է 1961 թվականին։ Նախագծային հզորությունը 350 սովորող է։ Դպրոցը համարվում է գերբեռնված. այս պահի դրությամբ դպրոցում սովորում է 588 աշակերտ։ Դպրոցի մասնաշենքերի քանակը 1 է։ Վերջին անգամ ընթացիկ նորոգումն իրականացվել է 2010 թվականին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է՝ «Նոյեմբերյանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Նոյեմբերյանի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության, որի շնորհիվ 2024-2025 ուսումնական տարվանից Նոյեմբերյանի ավագ դպրոցում կիրականացվի 5-9-րդ դասարաններում սովորողների ընդունելություն, ինչի արդյունքում «ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի, 5-9-րդ դասարաների սովորողների մի մասը կրթությունը կշարունակի Նոյեմբերյանի վարժարանում և սովորողներին մատուցվող ծառայություները կիրականացվեն համապատասխան ուսումնական միջավայրի ապահովմամբ։