31/05/2024 15:24
Հայաստանը ԵԱՏՄ շուկա արտահանումն ավելացրել է 14 անգամ․ Միխայիլ Միշուստին
Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը Եվրասիական տնտեսական միության շուկա, իսկ երկրի համախառն ներքին արդյունքի աճը գերազանցել է 8,5 տոկոսը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Արտոնյալ հասանելիության շնորհիվ, ընդհանուր առմամբ, բազմապատկվել են փոխադարձ առևտրի ծավալները։ Օրինակ, Հայաստանը միության շուկա արտահանումն ավելացրել է 14 անգամ, Բելառուսը և Ղազախստանը՝ ավելի քան կրկնակի, Ղրղզստանը՝ եռակի», - «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա։
Միշուստինն անդրադարձել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների համախառն ներքին արդյունքների աճին և հայտնել, որ նախորդ տարվա արդյունքներով գերազանցվել են համաշխարհային տեմպերը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ՀՆԱ-ի աճի տեմպերն ավելի բարձր են, քան ԱՊՀ երկրներում, որոնք ներգրավված չեն նման խորացված ինտեգրացիոն ձևաչափում:
«Նախորդ տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը գերազանցել է 8,5%-ը։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4%-ը: Նմանատիպ իրավիճակ է, ի դեպ, նաև Ղրղզստանում, որտեղ ՀՆԱ-ի դինամիկան 2023 թվականին նույնպես բարձր է եղել»,- հայտնել է Միշուստինը։