31/05/2024 14:31
ՊԵԿ-ում եկեղեցուն հարկելու նախագիծ չկա. ՊԵԿ նախագահ
Կարծում եմ՝ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի, այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, այդտեղ ավելորդ չէ մտածել. լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու հարկմանը:
Միաժամանակ նա նշել է, որ ՊԵԿ-ում այս կապակցությամբ որևէ նախագիծ չկա և չեն նախապատրաստում։
Հարցին՝ հիմա եկեղեցին ի՞նչ մասով է հարկվում՝ նա պատասխանել է. «Ենթադրում եմ, որ որոշ աշխատակիցներ ունեն, որ զբաղվում են տնտեսական ապահովմամբ, նրանց աշխատավարձ, դրանից՝ եկամտահարկ։ Հարկային օրենսգրքով սահմանված են որոշակի արտոնություններ ծիսական պարագաների օտարման մասով, անշարժ գույքի հարկի արտոնություն կա»։
Նա նշել է, որ եկեղեցու ներկայացուցիչների հետ քննարկումներ է ունեցել՝ բարեգործության մասին օրենքի կարգավորումների հետ կապված. «Առաջարկել էինք ներմուծման դեպքում վճարումներ կատարել։ Ես ՊԵԿ նախագահ եղել եմ, այդ քննարկումները եղել են, փոխանցվել են ինձ։ Կապված պարաֆինի, թերեզինի հետ՝ առաջարկել ենք պետբյուջեից ֆինանսավորել մաքսատուրքերը, որ պետք է վճարվեն, բայց անհասկանալի պատճառներով չի ընդունվել այդ առաջարկը»,-ասել է նա։