31/05/2024 13:13
Եվրոպոլն իրականացրել է վնասակար ծրագրային ապահովում տարածող ցանցի (Botnet) դեմ միջազգային ոստիկանական գործողություն. Երևանում իրականացվել է 1 խուզարկություն
Մայիսի 27-ից 29-ը իրականացվել է վնասակար ծրագրային ապահովում տարածող ցանցի /Botnet/ դեմ առաջին ամենամեծ միջազգային ոստիկանական գործողությունը, որը Եվրոմիության իրավապահ ծառայությունն անվանել է «Էնդշպիլ» /Operation Endgame/, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Գերմանիայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի գլխավորած հետաքննությանն աջակցել է նաև Եվրաջասթը։
Գործողությանը ներգրավվել են Հայաստանի, Դանիայի, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բուլղարիայի և մի շարք երկրների իրավապահներ, որոնց արդյունքում իրականացվել են ձերբակալումներ, խուզարկություններ, առգրավումներ և ավելի քան 100 ինտերնետ սերվերների ու դոմեյնների արգելափակումներ։
Գործողության ընթացքում իրականացվել են 16 խուզարկություններ, ավելի քան 2 000 դոմեններ գտնվում են իրավապահների օպերատիվ հսկողության տակ։
Մինչ այժմ իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ գլխավոր կասկածյալներից մեկը վաստակել է առնվազն 69 մլն եվրո (74,5 մլն դոլար) կրիպտոարժույթով՝ կայքերը վարձակալության տալով կիբեռհանցագործներին։
Փոխադարձ իրավական օգնության շրջանակներում, ՀՀ գլխավոր դատախազության համակարգմամբ, Քննչական կոմիտեի և ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները Երևանում իրականացրել են մեկ խուզարկություն, որի ընթացքում առգրավել են քննության համար նշանակություն ունեցող համակարգչային տեխնիկա։