31/05/2024 11:37
Խարդախությամբ, փաստաթղթերի կեղծմամբ ուսանողներից գումարներ են հափշտակվել. ուսհաստատությունների 3 ղեկավարների և 2 աշխատակիցների վերաբերյալ մեղադրանքով վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից մեկ այլ ուսհաստատության նախկին երկու ղեկավարների հետ խմբի կազմում, այլ անձանց օժանդակությամբ, 86 ուսանողներից խարդախության եղանակով ընդհանուր 18.159.000 ՀՀ դրամ գումար ստանալու և հափշտակելու, ինչպես նաև՝ նրանցից մեկի կողմից կեղծ փաստաթղթեր իրացնելու վերաբերյալ դեպքի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ Ար.Հ.-ն, «Հայբուսակ» համալսարանի՝ իրար հաջորդած նախկին երկու տնօրենների հետ խմբի կազմում, 2013թ. դեկտեմբերից մինչև 2016թ. մայիս ընկած ժամանակահատվածում, «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շենքում իր ղեկավարմամբ գործած ուսումնական հաստատությունը ներկայացրել է որպես «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ, որտեղ կազմակերպել ու իրականացրել է ուսանողների ընդունելության, դասընթացների կազմակերպման, քննությունների անցկացման, ավարտական դիպլոմների տրամադրման, ինչպես նաև՝ դրանց դիմաց գումարներ հավաքագրելու գործողություններ։ Չունենալով միջին մասնագիտական կրթություն և որակավորում տալու անհրաժեշտ լիցենզիա՝ «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ արդեն իսկ դիմած և սովորող, ինչպես նաև՝ 2013թ. դեկտեմբերի 19-ից հետո ընդունված նոր դիմորդներին համապատասխան լիցենզիա չունենալու մասին լռելով, նա մասնաճյուղը ներկայացրել է որպես օրինական գործող ուսհաստատություն, իսկ դիպլոմները՝ վավեր ու իրավական ուժ ունեցող պաշտոնեական փաստաթղթեր:
Արդյունքում՝ հիշյալ քոլեջ դիմած և ընդունված ուսանողներից ընդունելության դիմումների, տարեկան վարձավճարների, քննությունները վերահանձնելու թույլտվության և ավարտական դիպլոմների տրամադրման համար, ինչպես միայնակ, այնպես էլ Ան. և Ս.Հ.-երի հետ միասին, «Հայբուսակ» համալսարանի հաշվապահ Շ.Գ.-ի և «Հայբուսակ» համալսարանի Երևանի բազային քոլեջի ռեկտոր Ա.Հ.-ի օժանդակությամբ, առձեռն և բանկային փոխանցումների միջոցով, խարդախության եղանակով ստացել է ընդհանուր 16.064.000 ՀՀ դրամ գումար և հափշտակել այն։ Իսկ 19.12.2013թ. մինչև 16.11.2018թ. ընկած ժամանակահատվածում Ար.Հ.-ն, Ա.Հ.-ի հետ խմբի կազմում 23 ուսանողներին իրացրել է հիշյալ գործողությունների արդյունքում պատրաստված՝ «Հայբուսակ» համալսարանի Երևանի բազային քոլեջն ավարտելու վերաբերյալ կեղծ դիպլոմներ:
Բացի այդ, Ար.Հ.-ն 2016թ. մայիսի 31-ից մինչև 2017թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, գործելով արդեն որպես «Կառավարման արևելյան քոլեջ» ՍՊ ընկերության տնօրեն, չունենալով Իջևան քաղաքի համապատասխան հասցեում միջին մասնագիտական կրթություն և որակավորում տալու գործունեության լիցենզիա, այդ հասցեում իր կողմից ղեկավարվող ուսումնական հաստատությունը խաբեությամբ ներկայացրել է որպես օրինական գործող ուսումնական հաստատություն, ինչպես նաև հավաստիացրել է, որ հանդիսանում է լիցենզավորված «Կառավարման արևելյան քոլեջ»: Իր տնօրինությամբ «Հայբուսակ» քոլեջի Իջևանի մասնաճյուղ անվանումով գործած ուսումնական հաստատություն ընդունված, սակայն դեռևս չավարտած ուսանողներից, ինչպես նաև նոր դիմորդներից շարունակել է ստանալ որպես ուսման և դիմումների համար վճարած գումարները՝ խարդախությամբ հափշտակելով 2.095.000 ՀՀ դրամ գումար:
Վերոնշյալ հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար, ձեռք բերված փաստերի հիման վրա, Ար.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Ան.Հ.-ին և Ս.Հ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա.Հ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով, Շ.Գ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.-երի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ Ար.Հ.-ի և Շ.Գ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նախաքննության ընթացքում վերականգնվել է տուժողներին պատճառված ընդհանուր 15.074.000 ՀՀ դրամ վնասը:
27.05.2024թ. նշված 5 անձանց վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով։