31/05/2024 16:12
Դատարանը Սերժ Սարգսյանին արդարացրեց
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշի Բարսեղ» մականունով Բարսեղ Բեգլարյանի և գյուղատնտեսությա նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատավճիռը, համաձայն որի՝ վերջիններս արդարացվեցին առաջադրված մեղադրանքում։ Վերջիններիս խափանման միջոցները վերացվեցին, քաղհայցը՝ մերժվեց։
Հիշեցնենք, որ քրեական գործով կար 3 մեղադրյալ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: