31/05/2024 18:10
«Էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը հասել է ֆերմերներին
Բնապահպանական խնդիրները կարելի է լուծել նաև կանաչ տեխնոլոգիաների միջոցով: 2019 թվականից Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) թիրախային ծրագրեր են իրականացնում այդ ուղղությամբ: Կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրերը երաշխավորված չեն վայրի կենդանիների անակնկալ այցերից: Այդ շրջաններում ֆերմերներին աջակցելու համար գործընկեր կազմակերպությունները կանաչ տեխնոլոգիաներ են կիրառում. վայրի կենդանիներին դիմավորում են «էլեկտրական հովիվները»:
Վայոց ձորի մարզում մարդ-վայրի բնություն անվնաս համակեցությունն ապահովելու համար «էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակն է տրամադրվել համայնքներին: Միջոցառմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, մարզպետարանի և համայնքապետարանների ներկայացուցիչներ։
Տրամադրված 20 «էլեկտրական հովիվներից» յուրաքանչյուրը կարող է «հսկել» 1 հա տարածք: Այս մարզում դրա հրատապությունը հավաստող բազմաթիվ փաստեր կան. տեղի ֆերմերները վերջին տարիներին ծուռթաթերի հարձակման հետևանքով թե՛ մեղվափեթակներ, թե՛ խոշոր եղջերավոր կենդանիներ են կորցրել: Եղեգիսի կիրճում բրդոտները հայտնվում են անգամ առավոտյան ժամերին: Ֆերմերային այն տնտեսությունները, որոնք օգտվել են նոր տեխնոլոգիաներով աշխատող, արևային էներգիայով սնուցվող «հովվի» ծառայությունից, հետագա տարիներին արջերի ներխուժման դեպքեր չեն արձանագրել: Նրանց հաջողվել է բերքը պաշտպանել կենդանիներից՝ առանց վերջիններիս վնասելու:
«Կանաչ տեխնոլոգիաները մարդկությանն ու բնությանը ծառայեցնելը մեզ համար ռազմավարական մոտեցում է: Դա թույլ է տալիս լուծել շատ հարցեր: Մասնավորապես՝ նպաստել կայուն զարգացմանը, կրճատել բնապահպանական ռիսկերը, զարգացնել ֆերմերային տնտեսությունները և այդ ամենը՝ արևային էներգիայով աշխատող ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Կանաչ մտածողությունը դարի հիմնական և կարևոր պահանջներից է դարձել: Սա մի ծրագիր է, որի արդյունքը երկարաժամկետ է և անգնահատելի: Ուրախ եմ մեր գործընկերների հետ անցած ճանապարհի և տարբեր վայրերում արձանագրվող հաջողություններիան համար»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Կայուն և կանաչ ապագա ունենալու ցանկությունը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերը միավորել է 2019 թվականից: Արենի, Եղեգիս, Վայք, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքներին նվիրաբերվել է «էլեկտրական հովիվների» 10 համակարգ: Հետագա տարիներին գործընկեր կազմակերպություններն ավելացրել են տրամադրվող աջակցության ծավալը՝ ծրագրում ընդգրկելով նաև Արարատի մարզը: Մինչև 2023 թվականը տրամադրվել է 30 «էլեկտրական հովիվ»: Տրամադրված վերջին խմբաքանակի շնորհիվ «էլեկտրական հովիվներից» կարող է օգտվել ևս 20 ֆերմեր: Գործընկեր կազմակերպությունների համատեղ ծրագրի շրջանակում 2019 թվականից կանաչ տեխնոլոգիաներով աշխատող «էլեկտրական հովիվների» թիվը հասել է 50-ի: Դրանցով ցանկապատված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 475.000 քառակուսի մետր:
«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ արդեն տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում է պահում մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը, որի մեղմմանն ուղղված միջոցառումներից մեկն էլ տեղի ունեցավ հենց այսօր։ Մեզ համար առաջնային է, որ լուծումները լինեն բնահեն և վնաս չպատճառեն բնությանն ու կենդանական աշխարհին։ Մեզ համար կարևոր է նաև, որ մարդիկ իրենց բնակավայրերում ապրեն ու աշխատեն ապահով պայմաններում, գնահատեն այն հարուստ բնաշխարհը, որով շրջապատված են, և հասկանան դրա կարևորությունը՝ ամեն կերպ խուսափելով որևէ վնաս հասցնելուց։ Այս պարագայում գորշ արջերի հայտնվելը բնակավայրերում, բնականաբար, պատահականություն չէ․ դա հետևանք է մարդու գործունեության՝ կրճատվել են կենդանիների տարածքները, կերի պաշարները, մեծ ազդեցություն է ունեցել նաև կլիմայի փոփոխությունը։ Այս ազդեցության ուսումնասիրման ուղղությամբ մենք դեռ լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնելու, ինչը միանշանակ մեծ օգուտ է տալու խնդրի լուծմանը», - ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, բայց տհաճություն զգալով՝ դադարում են մոտենալ ցանկապատված տարածքներին: