31/05/2024 10:42
Քանին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ մայիսի 29-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Թեհրանը հավատարիմ է Կովկասում անվտանգության և կայունության պահպանմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը։ Ալի Բաղերի Քանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Իրանին նախագահի, արտգործնախարարի ու մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ հղելու առնչությամբ, ինչպես նաև ողջունել ՀՀ վարչապետի այցը Թեհրան։
Քանին շեշտել է իրենք հանձնառությունը՝ արդյունավետ դերակատարում ունենալ կովկասյան տարածաշրջանում տևական անվտանգություն ու կայունություն հաստատելու գործում։
Mehr-ը հայտնել է նաև, որ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ կյանքի կոչել Երևանի հետ արդեն իսկ ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաև օգնել Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել էին, որ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է վարել ԻԻՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ։
Ի հաջորդումն մայիսի 22-ին Թեհրան ՀՀ վարչապետի պատվիրակության այցի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ իր գործընկերոջը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ և արտահայտել իր զորակցությունը:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական կապերը խորն են ու ամուր և կկրեն շարունակական բնույթ: Արարատ Միրզոյանը և Ալի Բաղերի Քանին անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին՝ շեշտելով մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:
Նշվում է, որ իրանական կողմն իր հերթին ցավակցություն և զորակցություն է արտահայտել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի և վնասների կապակցությամբ։