31/05/2024 09:54
«Ժողովուրդ». Մեկ տոննա կոկաինի գործով Միհրան Պողոսյանի ընկերության կալանավորված աշխատակիցներն ազատ են արձակվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 1 տոննա կոկաինի գործով ԱԺ նախկին պատգամավորի ընկերության կալանավորված բոլոր աշխատակիցները ազատ են արձակվել: Նկատելի է, որ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ուշագրավ զարգացումներ են։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործով կալանավորվածների տնային կալանքի ժամկետը լրացել է, և աղմկահարույց գործով բոլոր կալանավորվածները ազատ են արձակվել:
Ավելին՝ լրացել է նաև բացահայտման մեկ տարին, բայց նախաքննությունը շարունակվում է։ Գրել էինք, որ դեռևս մեկ տարի առաջ ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել քննության շրջանակում կոկաինի ծագման, շրջանառության և այլ հարցերի վերաբերյալ, սակայն այդպես էլ պատասխանները չեն ստացվել կամ ցանկալի պատասխանները չկան:
Ուժայինները մինչ օրս սպասում են կոնկրետ պատասխանների։ Նշենք, որ այս գործով կալանավորվածները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը. նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է «Թավշյա հեղափոխությունից» հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է»»։