31/05/2024 15:34
ՌԱԿ Լիբանանի Շրջանային վարչությունը հերքում է Լիբանանի անդամակցության անունից տարածված հայտարարությունը
Երեկ՝ մայիսի 30-ին Ռամկավար Ազատական կուսակցության Լիբանանի անդամակցությունը հայտարարություն էր տարածել, որով իր աջակցությունն էր հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Ռամկավար Ազատական կուսակցության Լիբանանի անդամակցությունը առանձին հատվածով նշել էր նաև․ «Լիբանանեան մեր ծննդավայրէն Ռամկավար Ազատական Կուսակցութեան անդամներուն անունով կ՛ողջունենք Գերշն. Բագրատ Սրբազանը եւ յանուն Հայրենիքի իր առաջնորդութեամբ մղուած ազնիւ պայքարը:
Ի հեճուկս Լիբանանի մեր կուսակցութեան միաւորին վրայ ապօրինաբար ինքզինք ատենապետ կարգած մարդուկին՝ նիկոլամէտ հակումներուն եւ սփիւռքի մեր շարքերուն պառակտման միտումներուն, կը զօրակցինք Հայաստանի Հանրապետութեան արժանապատիւ վարչապետը դառնալու Սրբազան հօր անձնամատոյց եւ անձնուրաց թեկնածութեանը եւ մեր ջերմագոյն ողջոյնները կը յղենք սրբազան պայքարին»։
Այսօր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչությունը պահանջել է հերքել վերը նշված հայտարարությունը՝ մասնավորապես, նշելով․
«Սոյն գրութեամբ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութիւնը ձեր ուշադրութեան կ'ուզէ յանձնել, թէ 30 Մայիս 2024 թուակիր ձեր կայքէջին մէջ հրապարակած էք յայտարարութիւն մը «Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Անդամակցութիւն» կառոյցի մը անունով:
Կ'ուզենք յստակացնել թէ այս անունով կառոյց գոյութիւն չունի մեր կուսակցութեան մէջ ու ան շինծու է: Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի մեր շրջանակը ներկայացնող միակ կառոյցը Շրջանային վարչութիւնն է: Այս նամակը ձեզի յղեցինք յստակացումի համար: Կուսակցութեան կողմէ որեւէ յայտարարութիւն պաշտօնական նամակով կը կատարուի որ կը կրէ կուսակցութեան զինանշանը ու պաշտօնական թուղթը:
Սոյն նամակով ձեզմէ կը պահանջենք ձեր կայքէջին մէջ հերքում մը հրապարակել այս լուրին: Հակառակ պարագային կը ցաւինք յայտնելու թէ պիտի դիմենք դատական միջոցներու:
Յարգանօք՝
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան
Ատենադպիր Ատենապետ
Վիգէն Թոսունեան Տոքթ.Աւետիս Տագէսեան»։