31/05/2024 12:04
ՀՀ կառավարության համար արդեն ընդունված վարքագիծ է՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման. Արցախի ՄԻՊ
Արցախից բռնի տեղահանությունից հետո բազմաթիվ արցախցիներ դիմում են՝ հստակ տեղեկություն ստանալու կուտակային կենսաթոշակային համակարգով կուտակած գումարների ճակատագրի վերաբերյալ։ Խոսքն ընդհանուր առմամբ մոտ 17 մլրդ դրամի և մոտ 34,5 հազար շահառուի մասին է, այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Հաշվի առնելով խնդրո առարկայի վերաբերյալ արցախցիների շրջանում բարձր հետաքրքրվածությունը՝ մեր կողմից իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք հանգում են հետևյալին՝
• 2024 թ․ հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը լրացում է կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որով հնարավորություն է ստեղծվել մասնակիցների համար կուտակված միջոցները իրենց ցանկությամբ փոխանցելու այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին, կամ էլ հետ ստանալու՝ փոխանցելով այն իրենց բանկային հաշիվներին։ 2024 թ․ փետրվարի 29֊ին ԱՀ կառավարության որոշմամբ հաստատվել է վերոնշյալ օրենքից բխող համապատասխան ընթացակարգը։
• Հարցի շուրջ Արցախի կառավարությունը քննարկումներ է ունեցել շահագրգիռ կառույցների՝ ՀՀ կենտրոնական բանկի, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ֊ի և ֆոնդի կառավարիչ «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ֊ի հետ, որոնց կողմից ևս որևէ խոչընդոտ գործընթացի իրականացման տեսանկունից չի ներկայացվել։
• Ըստ էության՝ Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների և շահագրգիռ այլ կառույցների կողմից ապահովվել է անհրաժեշտ բոլոր իրավական ընթացակարգերը, որոնք ԱՀ քաղաքացիներին հնարավորություն են տալիս կամ հետ ստանալու կուտակված միջոցները, կամ էլ դրանք փոխանցելու ՀՀ կուտակային համակարգում գործող այլ ֆոնդի։ Ըստ օրենքի՝ գործընթացը պետք է ավարտվեր 2024 թվականի նոյեմբերին։
• Սակայն 2024 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ համաձայն որի նախատեսվում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը, իր դիմումի համաձայն, կարող է իր կուտակած միջոցները տեղափոխել ՀՀ կենսաթոշակային կուտակային համակարգ, իսկ համապատասխան դիմումի բացակայության դեպքում, միջոցները տեղափոխվելու են օրենքի ուժով։
• Փաստորեն ՀՀ կառավարության առաջարկած նախագծով հնարավորություն չի ստեղծվում կուտակված միջոցները մասնակցին վերադարձնելու համար, այլ միայն սահմանվում է, որ դիմումի առկայությամբ կամ առանց դրա կուտակված գումարները փոխանցվելու են ՀՀ կուտակային կենսաթոշակների համակարգում գործող այլ ֆոնդի։
Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, փաստացիորեն չունենալով որևէ լիազորություն կուտակված գումարների ճակատագրի տնօրինման մասով, շրջանառվող օրենքի նախագծով փորձում է ներդրումային ֆոնդի գումարները տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդ՝ զրկելով կուտակային համակարգի մասնակցին սեփական միջոցները տնօրինելու հնարավորությունից։
Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն ընդունված վարքագիծ է դարձել բռնի տեղահանվածներին վերաբերող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման, առանց ներառականություն ապահովելու՝ անտեսելով առնվազն իրենց վերաբերող հարցերի շուրջ լսված լինելու իրավունքը»,- ասվում է հաղորդագրությունում։