31/05/2024 09:51
«Ժողովուրդ». Հրանտ Մարգարյանին և Վիտալի Բալասանյանին ի՞նչ քրեական վարույթով են հարցաքննելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի դատարանը ծանուցում է ուղարկելու ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ինչպես նաև Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, որպեսզի վերջիններս ներկայանան դատարան ու հարցաքննվեն։
Իսկ ի՞նչ քրեական վարույթով նրանք պետք է ներկայանան դատարան։
2023 թվականին ArmԼur.am-ը գրել էր, որ ԱԱԾ է հրավիրվել և հարցաքննվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան ԱԱԾ էին հրավիրել ու հարցաքննել Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Հրանտ Մարգարյանի և կալանքի տակ գտնվող Արցախի գնդապետ Նորայր Ասլանյանի ցուցմունքների մեջ հակասություններ են եղել, ինչը ենթադրում էր, որ Հրանտ Մարգարյանն ու Նորայր Ասլանյանը պետք է առերեսվեին։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաև, որ նույն քրեական գործով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ևս հրավիրվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և հարցաքննվել էր։ Հավելենք, որ Ասլանյանին մեղադրում են հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար»։