01/06/2024 20:31
1918-ի մայիսյան հերոսամարտերը արտաքին թշնամու դեմ էին, 2024-ին հայ ժողովուրդը իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթում է ներքին դավաճաններին․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
Արմինե Ազիզյանը հարցրել է․ «Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս պայքարի հետագա ընթացքից»։
«Շատ ուղիղ պետք է ասել, որ շարժումը Բագրատ սրբազանը չէ։ Սրբազանը շարժման առաջնորդն է, վարչապետի թեկնածուն է, շարժման ղեկն է։ Սակայն շարժման թափքը, շարժման անիվները, շարժման շարժիչը արժանապատվություն և բարոյականություն ունեցող ամեն մի հայն է՝ անկախ բնակության վայրից, տարիքից և քաղաքական հայացքներից։ Մեզանով մեծացնենք շարժման թափքը, հզորացնենք շարժիչը, ավելացնենք անիվները, որ շարժման ղեկը առավել վստահորեն և նպատակասլաց առաջ տանի շարժումը։
Սարդարապատի հուշահամալիրի մոտ վերջին իրադարձությունների համատեքստում նաև բժշկական օրինակ բերեմ։ 1918-ի մայիսյան հերոսամարտերը արտաքին թշնամու դեմ էին, որին կարելի է համեմատել ինֆեկցիայի՝ վարակի հետ։ 2024-ին հայ ժողովուրդը իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթահարում է ներքին դավաճաններին, որոնք տվյալ դեպքում առավել նման են ուռուցքի՝ անկուշտ, պրիմիտիվ և ագրեսիվ բջիջներով։ Բժշկությունից հայտնի է, որ, որպես կանոն, ինֆեկցիայի դեմ ավելի հեշտ է պայքարել, քան ուռուցքի, դրա համար էլ դրսի ագրեսորներին հակադարձելը համեմատաբար ավելի հեշտ է, քան ներսի դավաճաններին»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։