01/06/2024 10:57
Ակնհայտ է բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը. տեսախցիկների առաջ բացահայտ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Արման Թաթոյան
Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ ոստիկանների անպատժելիությունը, աս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը
Ըստ նրա` հատկապես ակնհայտ է այս օրերին կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը:
«Նրանք տեսախցիկների առաջ հանցանքներ են բացահայտ գործում ու մնում անպատիժ, մեծ խմբով մարդ են դաժան ծեծի ենթարկում, նվաստացնում և այլն: Առավելագույնը, որ արվում է, ծառայողական քննությունն է՝ առանց հստակ արդյունքների, ասենք, քրեական վարույթից խոսափելու, «թեմա փակելու» համար:
Ցուցարարների դեպքում միանգամայն այլ պատկեր է. առանց հիմքեր լինել-չլինելու, առանց նվազագույն իրավունքներ ապահովելու, առանց պարզելու փորձերի անգամ սարդրիչների դերը, անմիջապես զանգվածային բերման են ենթարկվում հավաքի մասնակիցները, քրեական գործով ձերբակալումները կայծակնային արագությամբ են իրագործվում:
Հաշվի չեն առնվում Բագրատ Սրբազանի հայտարարություններն առ այն, որ պետք է բացառվի բռնությունը, և որ հավաքի մասնակիցերի թվում կան սադրիչներ, որոնք որևէ առնչություն չունեն հավաքի հետ: Ոստիկանության խնդիրներից է սադրիչներին հայտնաբերելն ու մեկուսացնելը:
«Կարմիր բերետավոր» ու «սև բերետավոր» ոստիկանների անօրինական արարքների քաղաքական հովանավորությունից է գալիս բացարաձակ դատապարտելի ու ամոթալի երևույթը, երբ նրանք, ինչպես տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին խոնարհությունն ու քրիստոնեական մյուս առաքինությունները կրող մի համեստ եկեղեցականի, ինչի հետևանքով Դանիել սարկավագը հայտնվել է հիվանդանոցում՝ տարբեր մարմնական վնասվածքներով:
Սրա համար թե´ օրենքով, թե´ միջազգային կանոններով պետք է պատասխանատվությունն իրագործվի քրեական վարույթի շրջանակում»,- Facebook-ում գրել է Թաթոյանը: