01/06/2024 10:28
Սա կորուստ է բոլորիս համար. առաջին անգամ է, որ Արցախի հանրային հեռուստատեսության օրը Արցախում չենք նշում. Հրայր Ավետիսյան
Այսօր Արցախի հանրային հեռուստատեսության օրն է: Գործադիր տնօրեն Հրայր Ավետիսյանը նշել է` 1988 թվականի հունիսի 1-ից ի վեր առաջին անգամ է, որ Արցախի հանրային հեռուստատեսության օրը Արցախում չեն նշում:
«Սա կորուստ է բոլորիս համար, իսկ հեռուստատեսության բոլոր ժամանակների աշխատողների համար՝ նաեւ անձնական ողբերգություն: Բարձր բառեր ասելու կարիք չկա: Շնորհավորում եմ բոլորիս՝ այս օրվա առթիվ: Ով գեթ մեկ օր հեռուստատեսությունում աշխատել է՝ մասն է կազմել այդ անսահման մեծ աշխարհի եւ հաստատ այս շնորհավորանքի հասցեատերն է: Բոլորիդ հիշում ենք: Վստահ ենք՝ հեռուստադիտողն էլ հիշում է ու կարոտում:
Միասին եւ պատերազմներ ենք տեսել ու լուսաբանել, եւ շրջափակմանն ենք դիմացել ու անհնարին թվացող պայմաններում աշխատել: Բայց անգամ այդ պայմաններում՝ նոր պլաններ էինք կազմում վաղվա համար: Այսօր էլ Արցախի հանրային հեռուստատեսության առաքելությունն ավարտված չեմ համարում: Հեռուստատեսությունն այնտեղ է, որտեղ արցախցիներից շատերն են եւ պետք է շարունակի իր առաքելությունը: Այլ կարգավիճակով, այլ ծավալով, բայց անելիք ու ասելիք հաստատ ունենք: Իրավունք չունենք 36 տարվա պատմությունը կիսատ թողնել: Ուժ եւ հավատ բոլորիս: Եվ, հուսով եմ՝ մինչ հանդիպում՝ եթերում»,- Facebook-ում գրել է Ավետիսյանը: