01/06/2024 10:32
Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ սովորաբար չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
«Շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը:
Մեծ է պետության դերը՝ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում:
Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման, այդ թվում՝ բուլինգի և անհանդուրժողականության դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը։
Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ընդգծել նաև երեխաների համար մեր օրինակելի վարքագծի դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ սովորաբար չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են։
Սիրելի՛ երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը: Թող որ մանկության ձեր աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»,- ասվում է ուղերձում: