01/06/2024 20:49
Մեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասին
Երեկ ԱԳն շենքի մոտից ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկված 28 անձանց մի մասն այս պահին շարունակում է մնալ ձերբակալվածների պահման վայրում։ Ըստ փաստաբանների, ձերբակալվածների մասին որոշում պետք է կայացվի մինչև կիրակի օրվա վերջ. կամ ազատ կարձակվեն, կամ խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ կդիմեն դատարան:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, մեղմ է ասել, թե քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, դա հավասարազոր է ոչինչ չասելուն: Այդ մասին փաաստաբանն ասել է 168.am-ի հետ զրույցում։
«Ամենաճիշտը՝ հանցագործ ուժի կիրառում ասելն է։ Բոլորի ձերբակալման որոշումներում կասկածանքը «քոփի-փեյսթ» եղանակով նույնն է, շշերի, քարերի, ճայթուկների նետելը։
Տեսեք՝ ինչ է գրված ձերբակալման որոշման մեջ, որ անձինք կոչեր են հնչեցրել գրավել ԱԳՆ շենքը։ Բոլորս ուղիղ եթերում նայում էինք ակցիան, արդյոք որևէ անձ նման կոչ արե՞լ է։ Եթե մենք նայում ենք շարժման տրամաբանությանը, գաղափարախոսությանը, ապա այն հաշտության, խաղաղության շարժում է, դրա մասին բազմիցս ասվել է, հետևաբար՝ ինչպե՞ս կարող է ԱԳՆ շենքի գրավումը համահունչ լինել շարժմանը։ Այստեղ էական հակասություն չկա, ինչից հետևում է, որ այս ձերբակալումներն ակնհայտորեն անհիմն են»,- նշել է Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանի բնորոշմամբ, գործ ունեն սադրիչ արարքի հետ ։
«Ոստիկանության հետ համագործակցող կամ գործակալական ցանցի ինչ-որ աշխատակից նետել է շիշ, որին հետևել է ոստիկանության կողմից շշերի նետումը, ինչն էլ հիմք է հանդիսացել քաղաքացիներին բերման ենթարկելուն։
2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ներխուժել էր ռադիոտուն, իրավական գնահատական չտրվեց, իսկ այս դեպքում, երբ քաղաքացիների խնդրանքը վերաճեց պահանջի, նրանց բերման ենթարկեցին։ Ի՞նչ խնդրանք էր՝ քաղաքացիական արդարացի պահանջ՝ պաշտոնատարից որոշակի հարցերի պատասխաններ ստանալու վերաբերյալ։ Այնտեղ հավաքված մարդիկ ընդամենը խնդրում էին պատասխաններ։ Երբ պաշտոնյաները ներքև չիջան, խնդրանքը վերաճեց պահանջի, ինչը չի ենթադրում, որ ԱԳՆ շենքը գրավելու կոչ է հնչել։ Շենքը քաղաքացիները գրավում էին, որ ի՞նչ անեին»,- եզրափակել է Վահան Հովհաննիսյանը։