03/06/2024 15:11
Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ (Տեսանյութ)
Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ։
Դատարանը մերժեց հանրային մեղադրողի միջնորդությունը։
Երևան քաղաքի քրեական դատարանը՝ Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժեց դատախազության միջնորդությունը Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ։
«Ընտրված խափանման միջոցը պետք է մնա անփոփոխ։ Դատարանը չտեսավ այնպիսի հիմնավորումներ, որ մեղադրանքի բովանդակությունը պարունակող ենթադրյալ խուլիգանական գործողությունները շարունակում են կատարվել»,-հայտնեց նիստը նախագահող Արման Հովհաննիսյանը։
Դիմելով մեղադրյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, դատավորն ասաց, թողնում է նրանց իրավագիտակցության վրա, թե որքանով կհարգեն դատարանի որոշումը։
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։
«Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։ Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է»,-հայտնել էին փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Արսեն Բաբայանը։