03/06/2024 13:59
Աղետի գոտում երկու գծեր են եղել, հիմա հինը տեղափոխում են, որ երկաթուղին աշխատի. Նախարար
Ջրհեղեղից աղետի գոտում երկաթուղու 27 կմ տարածքում՝ Այրումի կայարանից մինչև Սանահինի կայարան, տարբեր վնասվածքներ կան․ հրավիրված ասուլիսին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Եթե դրանից 6-7 տեղ վերաբերում է բուն երկաթգծին, ապա բազմաթիվ տեղեր երկաթգծին կից ենթակառուցվածքներ են վնասվել՝ էլեկտահաղորդակցման գծերը, ենթակայանները։ Հիմա ընդհանուր բոլոր կողմերում էլ աշխատանք կա, որոշ հատվածներում մենք ենք աջակցում, էնտեղ էլ տեմպը բավական բարձր է և հույս ունենք՝ հնարավոր կարճ ժամանակներում երկաթուղին կբացվի»,-ասաց նա։
Նախարարը տեղեկացրեց, որ որոշ տեղերում հին երկաթգծեր կան և հիմա տեղափոխման աշխատանքներ են կատարվում։ «Երկու գծեր են եղել, վնասվածները հին գծերով փոխարինվում են, երկաթուղու արագությունն, իհարկե, կնվազի, որովհետև տարբեր գծեր են, կորեր են առաջանում, բայց ոչինչ, կարևորը կսկսի աշխատել»,-ասաց նա։