03/06/2024 16:32
Երբ եկեղեցին և կաթողիկոսը ղեկավարում են քաղաքական գործընթացներ, իշխանությունը համապատասխան գործիքներով է հարաբերվում. Հարությունյան
Երբ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը ստանձնում է քաղաքական գործընթացների ղեկավարում, իշխանության գտնվող քաղաքական ուժը և կառավարությունը համապատասխան քաղաքական գործիքներով են հարաբերվում տվյալ կառույցի կամ կազմակերպման հետ. Աժ-ում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, թե արդյո՞ք վարչապետի աշխատակազմը հավուր պատշաճի աշխատանք տարել է ՊՊԾ-ի հետ այն մասին, որ կաթողիկոսն ունի անարգել մուտքի իրավունք անգամ կառավարական թիվ 1 մասնաշենք:
«Նման վերաբերմունք է արտահայտվում այնպես, ինչպես կլինի ցանկացած քաղաքական խմբավորման, խմբակի կամ կուսակցության նկատմամբ, որը մասնակցում է այս կամ այն քաղաքական գործընթացի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է միջոցառումներին և արարողակարգային գործընթացներին, Արայիկ Հարությունյանը կրկնեց. «Երբ մի կառույցի ղեկավար, տվյալ դեպքում՝ Հայ Առաքելական եկեղեցու գլխում կանգնած կաթողիկոսը, ստանձնում է քաղաքական շարժման առաջնորդություն, և այդ շարժման ներկայացուցիչները թե՛ տվյալ օրը, թե՛ տվյալ օրվան նախորդող օրերին, թե՛ վերջին օրերին դրսևորում են հասարակական կարգի խախտում, ոստիկանության և տարբեր ինստիտուտների ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցնում, անվտանգությունն ապահովող մարմինները պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերեն՝ պարզելու, թե արդյո՞ք վեղարով տվյալ տարածք եկած խումբը չի՞ պատրաստվում իր մյուս գործընկերների նման սադրել տվյալ միջոցառումը: Վարչապետն այս հարցին անդրադարձել է: Երբ պարզվել է, որ նրանք ընդամենը 2-3 րոպեով պետք է բարձրանան և հեռանան տարածքից, նրանց թույլատրվել է անցնել Սարդարապատի հուշահամալիրի տարածք»,- պարզաբանեց Արայիկ Հարությունյանը: