03/06/2024 21:15
Իրանն ու Լիբանանը իսլամական պետություններին կոչ են արել հավաքվել ու քննարկել իրավիճակը Գազայում
Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում ռազմական հանցագործությունները, ինչը նվազեցնում է տարածաշրջանում խաղաղ կարգավորման հասնելու հնարավորությունները, Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և նրա լիբանանցի գործընկեր Աբդուլլահ Բու Հաբիբը։
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարը նշել է, որ անհրաժեշտ է շտապ համատեղ ջանքեր ներդնել կրակի դադարեցման ուղղությամբ։
«Իրանն ու Լիբանանը սատարում են Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը քննարկելու համար Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտակարգ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը»,- հայտարարել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ու Լիբանանի ԱԳ նախարարը։
Նշենք, որ մայիսի 19-ին ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահից հետո Ալի Բաղերի Քանին առաջին անգամ է արտասահմանյան այց կատարում և ուղևորվել է Բեյրութ։
Լիբանանի արտգործնախարարն այս այցի ժամանակ Ալի Բաղերի Քանիին վստահեցրել է, որ Մերձավոր Արևելքում խնդիրների լուծման հարցում Բեյրութի և Թեհրանի դիրքորոշումները համընկնում են։