03/06/2024 13:46
Ամենահրատապ գործը ժամանակավոր կամուրջն է, գործընկերների հետ փորձում ենք լուծել. Գնել Սանոսյան
Լոռու և Տավուշի մարզերում աղետի գոտում վերականգնողական աշխատանքներն ակտիվ շարունակվում են բոլոր ուղղություններով և բոլոր շերտերով, բավական մեծ թիմ է աշխատում. հրավիրված ասուլիսին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ըստ նրա՝ մի շարք բնակավայրերում կարողացել են վերականգնել տարբեր ենթակառուցվածքներ և մաքրել տիղմից, հատկապես Ալավերդու Թումանյան փողոցը, Սանահին կայարանը։
«Այսօր երևի հիմնական աշխատանքների մեծ մասը կավարտենք, այսօր կդառնա 4-րդ օրը։ Ամենատուժած Քարկոփ բնակավայրում մեծ ծավալով աշխատանք է այս պահին իրականացվում, որտեղ նաև հատուկ տեխնիկա է տեղափոխվել երկաթուղով»,-ասաց նա։
Գնել Սանոսյանի խոսքով՝ շատ բնակավայրերում հիմնականում վերականգնվել է գազամատակարարումը, ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը:
«Ունենք երկու հետիոտնային կամուրջ, որոնցից մեկը շատ է օգտագործվում, դա Ախթալայի հետիոտնային կամուրջն է: Երեկ Թեղուտում արեցինք աշխատանք․ մեքենաները կարողանում են մաքսիմալ մոտենալ կամրջին, և մարդիկ 20 մետր քայլելով կարողանում են մոտենալ, ապրանքներ են գնում անգամ, այդ մեթոդով նաև մարդիկ իրենց բերքն են իրացնում»,-ասաց նա։
Ըստ նախարարի՝ ամենահրատապ գործը ժամանակավոր կամուրջն է։ «Մենք հիմա բոլոր գործընկերների հետ այդ հարցը փորձում ենք լուծել, որ գոնե թեթև մեքենաները երթևեկեն: Եթե կգտնենք գործընկեր երկրներում հավաքովի կամուրջներ․․․, եթե չէ՝ մտքեր կան տեղի ուժերով ինչպես ունենալ ժամանակավոր կամուրջ:
Մյուս կամուրջների հետ կապված նույնպես մտքեր կան՝ նույն տեղո՞ւմ կառուցենք, թե՞ չէ: Քաղաքաշինության կոմիտեն մեծ տեմպով շենքերի վիճակն է գույքագրում: Մյուս կառույցները ևս աջակցում են գույքագրման գործում, նաև անկած կենդանիների հայտնաբերման, մարմինների հեռացման ուղղությամբ»,- ասաց նախարարը: