03/06/2024 16:16
Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում մշակութային գործունեության իրականացումն արգելող նախագիծ կդրվի շրջանառության մեջ. Քաղաքապետարան
Երևանի ավագանին շրջանառության մեջ կդնի նախագիծ, ըստ որի արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում. այս մասին հայտնում է քաղաքապետարանը:
«Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության հետևանքով խախտված իրենց անդորրի և առողջությանը պատճառվող վնասի մասին:
Բացի այդ, բազմաթիվ խնդիրներ են առաջանում նշված հատվածների հարակից տարածքներում առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար` բացասական ազդեցություն թողնելով զբոսաշրջության վրա:
Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի շրջանառության մեջ է դրվելու Երևանի ավագանու որոշման նախագիծ:
Ըստ այդմ, արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևան քաղաքի հետևյալ տարածքներում.
Հանրապետության հրապարակ և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք,
Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք,
Հյուսիսային պողոտա և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանի ավագանու 12 սեպտեմբերի, 2023 թվական N 849-Ն որոշմամբ սահմանվել են մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները։