03/06/2024 11:25
Կենդանաբանական այգու միակ փղի պահման պայմանները կբարելավվեն․ Բունկայի հարցը ներկայացվեց Ավինյանին
Քաղաքապետին զեկուցվեց, որ նոր ազատավանդակ կկառուցվի, որը հնարավորություն կտա և՛ փղին՝ Բունկային, լավ պայմաններ ապահովել, և՛ ունենալ հնարավորություն՝ երկրորդ փիղ ունենալու համար։
«Ինչ վերաբերում է բնապահպանական ակտիվիստների առաջարկին, երեք սցենար էին նկարագրել, որոնցից առաջինը փղի տեղափոխումն էր Կամբոջա, մեկ այլ սցենար՝ որ փիղը մնա Կենդանաբանական այգում, բայց ունենա իրեն համապատասխան պայմաններ։ Իրականում տեղափոխությունը շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան մնալը։ Հարցը քննարկվել է թե՛ միջազգային գործընկերների, թե՛ այգուն կից գործող խորհրդի հետ։ Այս պահին գործողությունները դեպի ընդլայնում ենք տանում»,- զեկուցվեց քաղաքապետին։
Ավինյանը հետաքրքրվեց, թե որքան է տևելու ազատավանդակի ընդլայնման գործընթացը։ Զեկուցվեց, որ նախորդ տարի հայտարարվել էր ազատավանդակի ընդլայնման մրցույթ, սակայն մասնակից չի եղել, նոր մրցույթի բացումը կլինի հունիսի 13-ին։