03/06/2024 18:06
Երևանում բռնցքամարտի միջազգային մրցաշար կանցկացվի
Բռնցքամարտի «Երևանի գավաթ 2024» միջազգային մրցաշարը տեղի կունենա հունիսի 10-16-ը։ Սա կլինի այս մրցաշարի առաջին խաղարկությունը, որը կազմակերպվում է Երևանում։
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր կազմակերպչական հմտություններն ապացուցել է Եվրոպայի երկու առաջնություններով (2022 և 2023 թվականներին), ինչպես նաև անցած նոյեմբերին աշխարհի պատանեկան առաջնությունով։ Նրանք այժմ պատրաստ են ընդունել տղամարդկանց և կանանց միջազգային մրցաշարը և ևս մեկ անգամ ցույց տալ իրենց հյուրընկալությունը»,- նշված է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերիացիայի հաղորդագրությունում։
Yerevan cup-ը կանցկացվի «Միկա» մարզադահլիճում։ Պաշտոնական հրավերի համաձայն՝ տղամարդիկ կմասնակցեն 51 կգ, 57 կգ, 63,5 կգ, 71, կգ, 80 կգ, 92 կգ և +92 կգ քաշային կարգերում: Կանայք կպայքարեն 50 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 66 կգ և 75 կգ քաշային կարգերում։ Մասնակիցների ժամանումը, տեխնիկական խորհրդակցությունը և պաշտոնական վիճակահանությունը տեղի կունենան հունիսի 10-ին, իսկ մենամարտերը կմեկնարկեն հունիսի 11-ին։ Եզրափակիչ մենամարտերը՝ հունիսի 15-ին: