03/06/2024 19:05
Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 168.am
Նախորդ տարի, դեկտեմբերի 28-ին Կառավարությունը N 2304-Ա որոշմամբ Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական կառուցվածքում գործող Գիտատեխնիկական գրադարանի շենքերն օտարման են հանվել։
Գիտատեխնիկական գրադարանը Հայաստանի խոշորագույն գրադարանն է և ունի շուրջ 22 մլն գիտատեխնիկական գրականություն, գտնվում է Էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո։
Մայիսի 2-ին, որպես չզեկուցվող հարց, ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը գրադարանը լուծարելու վերաբերյալ։ Աշխատակիցները նախօրոք այդ մասին տեղեկացված չեն եղել։
Այս հանգամանքն առաջացրել է Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցների զայրույթը, քանի որ գրադարանն իր տեսակի մեջ եզակի է և մեծ դերակատարում ունի երկրի տնտեսության, արդյունաբերության, արտադրական, գիտահետազոտական միավորների կայացման և զարգացման գործում։
168.am-ի հետ զրույցում գրադարանի աշխատակիցները փաստել են՝ գրադարաններն էլ են ստիպված մարտեր մղել, պայքարել իրենց գոյության ու լինելիության իրավունքի համար։
«Գրադարանի գոյությունն ինքնանպատակ չէ, նրա առաքելությունն է՝ հավաքագրել, մշակել ու պահպանել կուտակած տեղեկատվական հարստությունը և սպասարկելով՝ ծառայեցնել ի նպաստ Հայաստանի գիտելիքահենք տնտեսության զարգացմանը։
Մենք մնացել ենք առանց ղեկավարի և միայնակ պայքարում ենք երկրի միակ գիտատեխնիկական գրադարանն անդառնալի կորստից փրկելու համար։ Նշանակված է ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, որն առնչություն չունի գրադարանի հետ։ Այս գոյամարտն իրականում պայքար չէ գրադարանի համար, այն էլ՝ այն օրերին, երբ անվտանգային խնդիրներն այսքան առաջնային են, իսկ միջազգային աշխարհաքաղաքական զարգացումները հակասական ու մտահոգիչ են։ Սա պայքար է հանրապետության տնտեսության տեխնիկական վերազինման բաղկացուցիչ հանդիսացող գիտատեխնիկական տեղեկատվության պաշարը փրկելու և, ինչո՞ւ չէ, ազգային, պետական և համամարդկային արժեքների համար, արժեքներ, որոնց պահպանումն ու տարածումը և ամբողջականությունն ամրագրված են միջազգային և տեղական տարբեր նորմատիվ, իրավական փաստաթղթերով»,- նշել են աշխատակիցները։
Գրադարանի աշխատակիցները վստահեցրել են, որ բազմիցս դիմել են պատկան մարմիններին, նույնիսկ խնդրել են գրադարանի գործունեությունը շարունակել գրապահոցում, որտեղ պահպանվում են գիտատեխնիկական տարաբնույթ փաստաթղթեր, և դրանց տեղափոխությունն ու մասնատումն անտրամաբանական է, սակայն հարցը հանգուցալուծում չի ստացել։
Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող գրադարանի ճակատագիրը շարունակում է առկախված մնալ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում